Կաշառակերությունը հասարակության համընդհանուր շահերի թերեւս ամենաահարկու թշնամին է: Խորը կաշառվածության դեպքում, հասարակության մեջ բարեփոխումները դառնում են պատահական կամ արտածին:Միջազգային Թափանցիկություն կազմակերպությունը հետեւում է աշխարհի գրեթե բոլոր պետությունների կաշառվածությանը: Իր կատարած հետազոտությունները ՄԹ-ն ներկայացնում է կաշառվածության ընկալողական ինդեքսի միջոցով: Այս ինդեքսով յուրաքանչյուր երկրին գնահատում են 1-10 բալով: Որքան բարձր է ինդեքսը, կաշառակերությունը այդքան քիչ է զգացվում տվյալ երկրում:
Այս տարվա հետազոտությունները հրապարակվել են հունիսին:
Աղոտ հիշում եմ ինչպես պետական/հանրային հեռուստաալիքով լուրերի թողարկման ժամանակ լավատեսական ելեվեջներով ներկայացվել էր այս հետազոտության արդյունքները: ԱՊՀ երկրներում լավագույն երկրորդ տեղում ենք… Դա առնվազն անթույլատրելի եմ համարում:
Հետազոտության արդյունքներին նայելով տեսնում ենք, որ 180 երկրներից այսպես-ասած՝ ոչ կաշառակերների ցուցակում լավագույնը մնում է Նոր Զելանդիան 9,4 բալով, իսկ վատագույնը՝ Սոմալին 1,1:
Հայաստանը 2,7 բալով 120-րդ հորիզոնականը կիսում է Բոլիվիայի, Եթովպիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի ու Վիետնամի հետ:
Անհարմար եմ զգում այս աղյուսակին նայելուց:
—Դե լա՜վ… ի՞նչ ես դարդ անում: Մեկ ա Ռուսաստանից, Իրանից, ՈՒկրաինայից ու վերջապես Ադրբեյջանից շատ բալ ենք ստացել… ասեց զրուցակիցս:
Այսպիսի մտածելակերպով առաջ չենք գնա, եղբայր: Ավելին, ես կարծում եմ, որ մեր պետության գոյությունը կասկածի տակ դրած կլինենք:
Մենք պետք է ձգտենք լինել լավագույն տասնյակի մեջ: Կունենա՞նք դժվարություններ, խոչընդոտներ կլինե՞ն, չի՞ ստացվի… դրանով էլ հետո կարդարանանք մեր թոռների առաջ: Իսկ ձգտումը պետք է լինի դեպի կատարյալը:
Դեռ չսկսած եթե ուզում ես բավարարվել հնարավոր առաջխաղացքիդ թեկուզ կեսով, ինքդ քեզ դատապարտում ես ձախողության:
Իրատեսական եթե լինենք, հաջորդ հինգ տարիների ընթացքում գոնե լավագույն հիսնյակի մեջ պետք է տեսնենք մեզ, ասենք հավասարվելով Բութանին ու Հորդանանին: Գուցե ուրիշ պետություններ էլ բարելավեն իրենց վիճակը: Դրա համար այս հետազոտության սանդղակով գուցե անհրաժեշտ է ձգտել մեր վարկանիշը բարձրացնել 2,7-ից մինչեւ 5,0, դառնալով՝ կիսաքաղցր կաշառախեղված: Ի դեպ՝ մեր հարեւաններից Վրաստանը 4,1 եւ Թուրքիան 4,4 բալ են ստացել:
Նման փոփոխության պետք է ձգտենք, ոչ հայրենասիրական նկատարումներով, ոչ էլ՝ մարզական հետաքրքրության համար: Սա կենսական նշանակություն ունի, ավա՜ղ շատ դանդաղ քայլերով բարեկարգվող ու զարգացող մեր պետության համար:
Ի դեպ, կաշառակերության դեմ պայքարը պարտադիր չէ սահմանափակել կաշառակերների դեմ պայքարով: Եթե պարարտ հող կա, միշտ էլ նորը կգա: Հարկավոր է առավել համակարգված ամբողջական մոտեցմունք ցուցաբերել:
Այսպես՝ կազմակերպության կողմից կաշառակերության դեմ պայքարի համար նախապայման են առաջարկվում հետեւյալ գործոնները՝
- Խորհրդարանի կողմից ուժեղ եւ հետեւողական վերահսկողություն
- Գործունյա դատական համակարգ
- Բավարար ռեսուսների տիրապետող անկախ աուդիտորական եւ հակակոռուպցիոն գործակալություններ
- Հզոր գործադիր/կատարողական համակարգ
- Հասարակական բյուջետավորման, եկամտի եւ օգնությունների հոսքի թափանցելիություն
- Անկախ եւ պատասխանատու ԶԼՄ-ներ
- Հասարակական կյանքով հետաքրքրված քաղաքականապես ակտիվ աշխարհիկ հասարակություն
Հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արդյունքները ամփոփվել են նաեւ այս դինամիկ քարտեզի մեջ:
Համեմատության համար ներկայացնենք նախորդ տարիների արդյունքները:
2009 – 2,7 – 120-րդ
2008 – 2,9 – 109-րդ
2007 – 3,0 – 99-րդ
2006 – 2,9 – 93-րդ
2005 – 2,9 – 88-րդ
2004 – 3,1 – 82-րդ
Թվերի դինամիկան ինձ դուր չի գալիս… Չնայած դրան որ մենք ներսում զգում ենք դրական բայց դանդաղ դինամիկա կաշառակերության նվազեցման ուղությամբ (կամ չենք էլ զգում), այլ պետությունները դա ավելի արագ են կարողանում սանձել ու կարգավորել եւ արդյունքում մենք ամեն տարի հարաբերական հետընթաց քայլ ենք կատարում: Սա որպես ահազանգ պետք է հնչի հակակոռուպցիոն աշխատանքներ կատարելու պարտականությունը ստանցնած մարմինների ճարտարապետների, ինչպես նաեւ լայն հասարակության համար:
Ամեն ոք, ով չի հավանում երկրի ներկա իրավիճակը, թող նախաձեռնի իր առօրյայից վերացնել կաշառքը: Քննադատելով չբավարարվենք: Երկի’րը երկիր չի- ասողներին հարցրեք այս տարի քանի անգամ են կաշառք տվել կամ ընդունել:
Մենք պետք է մրցունակ պետություն ունենանք: Այլապես վաղ թե ուշ մի ուրիշ մրցունակ պետության քաղաքացիներ ենք դառնալու:
Մի ծաղիկով գարուն չի գա, բայց երբ գարուն է գալիս՝ ամեն ծառ է ծաղկում…
Եղեք արթուն եւ երջանիկ:
Այս նյութի հղումը ուղարկեք ձեր ընկերոջը




Ավելացնեմ որ օտարների ներկայացրած թվերը հալած յուղի տեղ ընկալելուն դեմ եմ:
Սովորաբար եթե դրանք ներկայացնում են անվճար, ինչ-որ հովանավորի պատվերով են ներկայացվում ու խթանում են նրա շահերը:
Այնուամենայնիվ, համեստաբար կարծում եմ, որ այս հետազոտությունը կարելի է ընդունել որպես ահազանգ՝ սթափվելու եւ անհապաղ անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար:
Այսօր էլ մի ուրիշ զրուցակից համոզում էր, որ մեղավորը բացառապես կաշառք վերցնողն է: Տրամաբանությունը այդ էր, որ կաշառողի մյուս ընտրանքը՝ հնգապատիկ տուգանքը, պրակտիկորեն անընդունելի է:
Դե նույն տրամաբանությամբ, կաշառվողն էլ պիտի ասի մեղավորը կաշառք տվողն է… Իմ աշխատավարձով տուն չեմ կարող պահել ոնց-որ պետք է :
Ընկերներ, պետական շահը անձնականից վեր է: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ երկու հարթությունները հատվում են թեեւ հորիզոնից այն կողմ: Եթե կարողանանք պետական շահը անձնականից բարձր պահել բոլորիս համար գարունը կգա:
Գայլերի եւ ոչխարների հանդիպման արդյունքը միշտ էլ կանխատեսելի է, քանի որ ոչխարները անհատական են գործում՝ ճողոպրելու, կաշին փրկելու համար: Նրանք մեղավոր չեն, պարզապես իրենց բնույթն են դրսեւորում:
Համաձայնվեք, որ ծիծաղելի է այն ոչխարը, ով այս անգամ էլ հաջողեցնելով փախուստը, ինքն իրեն հավաստիացնում է, որ ինքը ԱՐՅՈՒԾ է: